Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Որպեսզի ձեր մանկիկը հանգիստ քնի

Որպեսզի ձեր մանկիկը հանգիստ քնի

Մանկաբույժների կարծիքով, եթե մանկիկը չի քնում կամ գիշերը հաճախակի արթնանում է, ուրեմն պատճառն ավելի շուտ կապված է որևէ հիվանդության կամ վախի հետ: Ինչպե՞ս օգնել նրան:

 

Եթե երեխան առողջ չէ


Քնի խանգարումները կարող են լինել կենտրոնական նյարդային համակարգի բնածին հիվանդության կամ գլխի ուռուցքի հետևանք: Սակայն նման դեպքերը հազվադեպ են լինում:

 

Շատ հաճախ փոքրիկի քունը խանգարվում է ականջի բորբոքման (օտիտ) կամ դիսբակտերիոզի, սրատուտի պատճառով: Վերջինիս դեպքում հետանցքի քորը, նաև սրատուտի արտադրած թույնը նյարդայնացնում են երեխային: Քնի խանգարումը կարող է պայմանավորված լինել վարակներով: Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում նրան անհանգստացնում են մղձավանջները, որոնցից նա գիշերը կարթնանա:

 

Եթե երեխան վախենում է


Գիշերային մղձավանջներ, որպես կանոն, ունենում են 3 տարեկանից մեծ երեխաները: Երեխան կարող է վախենալ, եթե նրան պատմեն սարսափելի հեքիաթներ, կամ հեռուստացույց դիտելուց հետո սեփական եզրակացություններ անի և սկսի վախենալ չարագործներից, գոյություն չունեցող երևակայական էակներից:

 

Մանկան վախի պատճառ կարող է դառնալ սթրեսը, ասենք, ընտանիքում ստեղծված լարված վիճակը, երբ ծնողները վիճում են, գժտվում: Եթե երեխան մանկապարտեզ կամ դպրոց է հաճախում, ապա նման իրավիճակ կարող է ստեղծվել նաև այնտեղ, որի պատճառով նա անհանգիստ է լինում, վախենում է, տնքում, հառաչում, չի քնում: Ինչպե՞ս վարվել: Եթե երեխան 3 տարեկանից փոքր է և դուք չեք կարող ինքնուրույն գտնել նրա անքնության պատճառը, նպատակահարմար է դիմել բժշկի:

 

Ավելի մեծ տարիքի երեխայի վախի պատճառը պարզելու նպատակով փորձեք հարցեր տալ նրան: Աշխատեք տանը հանգիստ պայմաններ ստեղծել, անհրաժեշտության դեպքում զրուցեք մանկապարտեզի դաստիարակների կամ դպրոցի ուսուցիչների հետ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ դուք ստիպված լինեք դիմել մասնագետի` հոգեբանի կամ հոգեբույժի:

 

Եթե երեխան վախենում է մթությունից, թույլ մի տվեք քնելուց առնվազն երկու ժամ առաջ ֆիլմեր դիտի, համակարգչային խաղեր խաղա և ակտիվություն ցուցաբերի: Քնելիս թողեք բռնի սիրելի խաղալիքը: Լավ կլինի գիշերը լույսը չանջատել:

 

Պառկեցնելուց առաջ չմոռանաք մանկիկին գրկել ու համբուրել, բարի գիշեր մաղթել: Եթե ննջարանից դուրս գալուց հետո լսում եք, որ նա լացում է, վերադարձեք և փորձեք հանգստացնել նրան, սակայն երկար մի մնացեք նրա մահճակալի մոտ: Թող նա սովորի ինքնուրույն քնել: Հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս քմահաճ երեխային չգրկել, չտեղափոխել ու չքնեցնել իրենց մահճակալում:

Հեղինակ. Ա.Խ.
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ